Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անարյուն պաշտոնավարում

Անարյուն պաշտոնավարում
10.04.2018 | 00:21

Մեկ օրական պառլամենտական Հայաստանում անորոշություններն ու հարցականները նույնքան են, որքան կիսանախագահական Հայաստանում: Եթե ոչ ավելին: Եվ այնուհանդերձ, երեկ իր նախագահական միսիան ավարտած, նոր նախագահի էստաֆետն ընդունած արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարվա մասին արժե երկու-երեք ամրագրում անել (չնայած այս մասին այնքան խոսվեց, որ հոգնեցինք):


Նրա պաշտոնավարումը, այո, ուներ բազում թերացումներ: Գիտենք` նրա ուժեղ կողմը արտաքին քաղաքականություն վարելու, շախմատ խաղալու ունակությունն էր, մանավանդ այս «պայթող» աշխարհում և պայթուցիկի տակառ հիշեցնող տարածաշրջանում, ուր նա հաջողությամբ մանևրեց: Նրա թույլ կողմերը ներքին քաղաքականությունն ու տնտեսությունը, ինչպես նաև կադրային մոտեցումներն էին:
Եվ այնուհանդերձ, կան բաներ, որոնց առնչությամբ ամրագրումներ են պետք, մանավանդ, եթե այս տասնամյակը համեմատում ենք նախորդ տասնամյակի հետ:


Սարգսյանական շրջափուլի համար պետք է ֆիքսել. նրա պաշտոնավարման ողջ ընթացքում մի կաթիլ ներքին «արյուն» չթափվեց քաղաքական «մոտիվներով» (ես անհամբեր և աղոթքով սպասում էի, որ գրեի այս բառերը, որոնք ինձ համար անչափ էական նշանակության են): Ի տարբերություն իր նախորդի, որի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցան հոկտեմբերի 27, մարտի 1 (մարտի մեկին Սերժ Սարգսյանը վարչապետ էր, բայց նրա կարծիքն այդ օրերին հարցնող չկար. պետք է մեկ անգամ սա ֆիքսել):


Մի խոսքով, պետական-ներքին նշանակության խոր սայթաքումներով չուղեկցվեցին այդ տասը տարիները: Անարյուն պաշտոնավարում էր: Չհաշված ՊՊԾ-ն, որի արյունը կմնա «Ծռերի» խղճին: Ընդ որում, իշխանության համբերության շնորհիվ էր, որ «արյունը» քիչ եղավ։
Ի դեպ, հիշենք, որ նախորդ տասնամյակում տեղի ունեցան անհասկանալի-աղմկոտ այլ սպանություններ ևս (պաշտպանության փոխնախարար Մարգարյան, ներքին զորքերի հրամանատար Վահրամ Խորխոռունի, գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան...): Ճիշտ է, հիմա էլ կան քաղաքական դրդապատճառներով բանտարկություններ` Շանթ, Սէֆիլյան... «Ծռերի» մասով ընդհանրապես պետք է լռել:


Սարգսյանական «դեկադայի» հաջորդ «հմայքը» այդ դեկադայի հոգևոր լինելն էր: Մանավանդ ֆինալի` առաքելականության և Նարեկյան իր հանգուցալուծմամբ: Գումարենք երրորդ նախագահի պարտաճանաչ ներկայությունը ողջ տասը տարվա ընթացքում Ճրագալույցի պատարագներին, կստանանք բավականին հետաքրքիր պատկեր, երկրորդ նախագահի` կաթողիկոսի պարզած խաչը չհամբուրելու, գլուխն արհամարհանքով թեքելու կողքին:
«Կաղ-քոռ-քաչալ» կադրային քաղաքականության կողքին էլ` երրորդ նախագահը զորեց, բոլոր դեպքերում, հանրապետությունն ազատել վարկաբեկված դեմքերից, ինչը, հավատանք, առավել լայնամասշտաբ «հավելումի» կարժանանա (նոր սերնդին առնչվող): Մի քանի «կադր». այսօր քաղաքական ասպարեզում չեն Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր»), «Ալրաղացի Լյովը», Ռուբեն Հայրապետյանը («Նեմեց Ռուբո)... տարոսը մնացյալներին: Պաշտպանության բանակը ղեկավարում է ուսյալ Վիգեն Սարգսյանը, ԱԱԾ-ն` նույնքան ուսյալ Գեորգի Կուտոյանը, ոստիկանությունը` խարիզմատիկ, խիստ պրոֆեսիոնալ, փորձառու Վլադիմիր Գասպարյանը:


Եվս մեկ հավելում. Սերժ Սարգսյանի օրոք «ծլեցին-ծաղկեցին» անչափ շատ լրատվամիջոցներ, կայքեր` չնայած պնդումին, որ դրանք ղեկավարվում են «մեկ կենտրոնից»: Այնուհանդերձ, պետք է տեսնել ասվածի կողքին նաև` «ԳԱԼԱ»-ն, «Սիվիլնեթը», «Ազատություն» ռադիոկայանը. Եվ այդ ամենը` ի համեմատություն նախորդ տասնամյակի, երբ փակվեցին «Ա1+» և «Նոյյան տապան» հեռուստակայանները, փոխվեց «Ազատության» հաճախականությունը:

Շեշտենք և հիշեցնենք. այս ամենը դինամիկա է` համեմատության մեջ: Բայց քանի որ բոլոր համեմատությունները խիստ կաղում են, իսկ այս դեպքում` երկու ոտքից, մանավանդ եթե նկատի ես ունենում, թե վերջին շրջանում ինչ քաղաքականություն է որդեգրել իշխանությունը լրատվամիջոցների նկատմամբ` կառավարության, քաղաքապետարանի, երեկ էլ նախագահի ինագուրացիայի լուսաբանման, լրագրողների առջև դռներ փակելու մասով, ապա մտածում ես, ավելի լավ է մի քանի լրատվամիջոց «փակվի», քան բոլորը միասին:
Այս մոտեցումը անհարգալից, միաժամանակ քաղաքակիրթ չէ, և այն էլ` Նարեկացու արձանի, պառլամենտական հանրապետության «վաղորդայնի» մեկնարկին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ